Վահագն Հայրապետյանն ավարտել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, որից հետո՝ Երևանի պետական կոնսերվատորիան՝ որպես դաշնակահար և կոմպոզիտոր:
Սովորել է Նյու Յորքում բիբոփի այնպիսի լեգենդների մոտ, ինչպիսիք են Բ. Հարիսը և Ֆ. Հյուիթը, աշխատել և համատեղ համերգներով ելույթ է ունեցել Է.Ջոնսի, Ջ. Լովլեյսի, Չ. Դայվիսի, Լ. Ուլիյամսի և այլոց հետ: Նոր Օռլեանում Հայրապետյանը ձայնագրել և թողարկել է 3 ալբոմ. Love For Sale՝ Կլարենս Ջոնսոն III-ի, Tripp to New Orleans` Ջոնի Վիդակովիչի և Էդ Ուայզի, Bop it Up` Ուենդել Բրունիաուսի, Բրայս Ուինսթոնի, Բիլ Հանթինգթոնի և Ջեսոն Մարսալեսի հետ համատեղ: Երաժիշտը մասնակցել է բազմաթիվ ջազ փառատոների՝ Jazz Jamboree, Սանկտ Պետերբուրգի միջազգային ջազ փառատոն (1997,1998թթ.), Նոր Օռլեանի ջազ ֆեստ դյու Մորյե, Մոնրեալի ջազ փառատոն և այլն: 1998թ-ից աշխարհահռչակ Armenian Navy Band-ի անդամ է: 2004թ-ին հիմնադրել է «Կատուներ» խումբը: 2010թ-ին ձայնագրել է իր առաջին՝ Singin’ and Swingin սոլո ալբոմը:
Հայրապետյանը դասավանդել է Երևանում, Սիրիայում, Իրանում, Լիբանանում և Հորդանանում: «Խճճված զուգահեռներ», «Շորն ու Շորշորը», «Եթե բոլորը» գեղարվեստական ֆիլմերի երաժշտության հեղինակն է:
Վերջին ֆիլմում կատարած աշխատանքի համար արժանացել է Պեկինի միջազգային կինոփառատոնի մրցանակի: Վ. Հայրապետյանը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է:
Լուսանկար - https://www.armmuseum.ru